«Լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից». Ռուստամյանը՝ իշխանությանը

ՀՅԴ-ական գործիչը ազդարարեց, որ այս հանրահավաքով մեկնարկելու է երկրի զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանություններին հակակշռելու և զսպելու քաղաքական և քաղաքացիական հետևողական գործընթաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Երբ մենք հանրահավաք ենք գումարում, նշանակում է՝ երկրում մի բան այն չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

«Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով. ՀՅԴ–ն հանրահավաք է անում

Ըստ նրա, այս հանրահավաքի նպատակն է ահազանգել գործող իշխանությանը, որ այսպես շարունակել չի կարելի։

«Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում։ Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ ժողովրդի սպասումներին, այլև առաջացնում է նոր վտանգներ և կուտակում է նոր խնդիրներ»,- հայտարարեց Ռուստամյանը։

Ռուստամյանի խոսքով դա մի սպառնալիք է, որը, նրա խոսքով՝ «ինքնահավան ու ինքնագոհ» իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել։

«Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից», - հորդորեց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, համաժողովրդական շարժումը վաղուց չունի իր սկզբնական թափը։ Դաշնակցության բյուրոյի անդամը եզրակացրեց, թե դա տեղի է ունեցել այն պատճառով, որ շարժման առաջնորդը շարժումը սկսում է փոխարինել իրենով։

Վլադիմիր Պոզները պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

«Արդյունքում առաջ-առաջ գոռալով հետ ենք գնում անընդհատ, քանզի կրկին վերադառնում ենք միանձնյա ու միահեծան կառավարմանը, մենիշխանությանը, բայց այս անգամ՝ իբրև թե ժողովրդի կամքով ու պահանջով։ Հասել ենք այնտեղ, որ արդեն պարբերաբար ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն։ Սա գուժում է սահմանադրական պետության վերջի մասին։ Հենց այս դեպքերի համար է ժողովուրդն ասում՝ «մրից հելանք, մրջուրն ընկանք» », - հայտարարեց Ռուստամյանը։

Նա նկատեց, որ այս հանրահավաքով մեկնարկելու է «երկրի զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանություններին հակակշռելու և զսպելու քաղաքական և քաղաքացիական հետևողական մի գործընթաց»։