ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը վերանայել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկը և որոշվել է դրանից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները: Այս մասին որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստում։ Որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
Որոշման նախագծում որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն զբաղվում է էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրով։ Մինչդեռ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Բարձրավոլտ էլեկտրացանցերը», հակառակը` էլեկտրական էներգիայի ներկրում կամ արտահանում իրականացնելու իրավունք չունեն։
Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲԸ–ին, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով Համաշխարհային փոստային միության անդամ, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը։ Փոստային կապի ծառայություններ պետք է մատուցվեն նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, անկախ դրանց տնտեսապես արդյունավետ լինելու գործոնից։
Իսկ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցման դեպքում, կառավարության համոզմամբ, գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ծառայությունները կդառնան ոչ հասանելի, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ի 885 փոստային բաժանմունքներից 601-ը գտնվում են գյուղական համայնքներում ու սահմանամերձ շրջաններում, ուստի կարող են դասվել տնտեսապես անարդյունավետ անշարժ գույքերի շարքը։
Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը մտադիր է 1 տարով` մինչև 2020թ–ը երկարաձգել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը։
Կառավարության որոշման տեղեկանքում նշված է, որ 2017թ-ի տվյալներով` «Հայփոստ» ընկերության հաշվեկշռային արժեքը 20.7 մլրդ դրամ է։ Դրանից 15.5 մլրդ դրամը հիմնական միջոցներն են, որոնցում ներառված են նաև գյուղական կամ սահմանամերձ համայնքներում տեղակայված, տնտեսապես ոչ շահավետ որակված փոստային բաժանմունքների շենքերը։