Հայ–ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների և Պատրուշևի հայաստանյան այցի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik.Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ռուս գործընկերների հետ։ Նա այս մասին ասաց այսօր` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես են Գրիգորյանին ընկալում այսօր Ռուսաստանում, երբ նա երկար տարիներ աշխատել է արևմտյան կազմակերպություններում։

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում հայ–ռուսական հարաբերություններում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք։ Այս ընթացքում մենք երեք հանդիպում ենք ունեցել ռուս գործընկերների հետ։ Հունիսի 18-ին հանդիպում կլինի Ռուսաստանում, հավանական է նաև` կայանա (Նիկոլայ) Պատրուշևի (Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար) այցը Հայաստան», – նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Պատրուշևի հայաստանյան այցի հարցն այսօր քննարկման փուլում է։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն`քաղաք Ուֆա, որտեղ կայանալու է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։