«Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով. ՀՅԴ–ն հանրահավաք է անում

ՀՅԴ–ն Ազատության հրապարակում «Լրջացեք» լոզունգով հանրահավաք է անցկացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Անցել է մեկ տարի, մեր հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել։ Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքի ժամանակ այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ՀՅԴ–ն Ազատության հրապարակում «Լրջացեք» լոզունգով հանրահավաք է անցկացնում։

«Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով. ՀՅԴ–ն հանրահավաք է անում

«ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ` երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Իշխանությունները շարունակում են ապրել, աշխատել, շնչել ու արտաշնչել անցյալով, քանի որ անցյալի մասին խոսելը հեշտ է և պատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը` դժվար և հանձնառու»,–ասաց նա։

Սիրո և համերաշխության քողի տակ անցել են թույլատրելի բոլոր սահմանները. ՀՅԴ

Նրա խոսքով` եթե իշխանություններն այսպես են քայլ անելու, ավելի լավ է կանգ առնեն, լրջանան ու հանգիստ նստեն տեղները։ Նա նշեց, որ «Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով։

ՀՅԴ-ական, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում անդրադարձավ նախարարությունների միավորմանը` հարցնելով, թե դրա արդյունքում արդյո՞ք մշակութային կյանքն աշխուժացավ, թե՞ գյուղացու կյանքը բարելավվեց ու կամ էլ Սփյուռքի հետ հարաբերություններն ամրապնդվեցին։ «Սկսե՞ց տնտեսական հեղափոխությունը, ինչպե՞ս է դա իրականացվում։ Այդ որ կենսական նշանակություն ունեցող ճյուղում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը զիջեց իր դիրքը։ Խնդրում եմ, բանանի անուն չտաք, քանի որ մեր ժողովուրդը 5000 տարի առանց բանանի ապրել ու 5000 տարի էլ կարող է ապրել»,–ասաց նա։

«Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով. ՀՅԴ–ն հանրահավաք է անում

Խաչատրյանը գիտակցում է, որ ՀՅԴ հայտնած կարծիքը կարող է իշխանություններին դուր չգալ, բայց շեշտում, որ իրենց սիրտը Հայաստանի համար պակաս չի ցավում, քան այլոցը։ Նա նշեց՝ ՀՅԴ-ն այս երկրի բարեկամն է, և իրենք չեն կարող լռել։

«Թե՞ սիրո և համերաշխության մթնոլորտում մենք չենք կարող արտահայտվել, քանի որ կարող է ժողովրդի թշնամի դիտվենք։ Սերը և համերաշխությունն այն չէ, որ մեծամասնությունը համերաշխաբար ճնշում է փոքրմասնությանը, այլ նրանում է, որ թե՛ մեծամասնությունը, թե՛ փոքրամասնությունն ազատորեն կարողանան կարծիք հայտնել»,- ասաց նա։

Ըստ նրա` իշխանություններն ասում են` աղքատությունը գլխիդ մեջ է, սակայն այդ ինչպես է ստացվում, որ եթե նախորդ իշխանությունների օրոք մարդն աղքատ էր, մեղավորն իշխանությունն էր, իսկ եթե հիմա է աղքատ, ուրեմն` աղքատությունը գլխի մեջ է։

Հանրահավաքի մասնակիցները դեղին քարտերով էին եկել, քանի որ հանրահավաքը նպատակ ունի իշխանություններին դեղին քարտ ցույց տալ` մեկ տարվա գործունեության համար։

Հիշեցնենք` որ ՀՅ Դաշնակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ «սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի»։