Բողոքի ակցիա և գործադուլ Վանաձորում. քաղաքապետը լուծում է փնտրում

Վարորդների մեծ մասն արդեն վերադարձել է աշխատանքի, սակայն քաղաքապետարանում դեռ չգիտեն, թե կոնկրետ ով պետք է զբաղվի նրանց խնդրի լուծմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Անհրաժեշտ է փորձագիտական խումբ ստեղծել, որը կզբաղվի գազալցակայանների հարցով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը` մեկնաբանելով երթուղայինների վարորդների բողոքի ցույցը Վանաձորում։

Նշենք, որ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում առավոտյան երթուղայինների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել` մեքենաները կայանելով Հայքի հրապարակում։ Նրանք հրաժարվում էին աշխատանքի դուրս գալ` բողոքելով, որ գազի վաճառքը խորանարդից կգ դառնալուց հետո իրենք ավելի թանկ գնով են լիցքավորում մեքենաները։

Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել. Օսիպյան

«Մենք զրուցեցինք վարորդների հետ, մեծ մասը դադարեցրեց գործադուլը։ Պետք է հասկանալ, որն է իրական խնդիրը, արդյոք այն կապված է կառավարությա՞ն, գազալցակայանների, թե՞ գազի որակի հետ։ Ամեն մեկը մի խնդրի մասին էր խոսում», – ասաց Ասլանյանը։

Քաղաքապետի խոսքով` բոլորը չէին, որ գործադուլ էին անում, մի մասն աշխատում էր։ Մյուսները նույնպես հիմա վերադառնում են աշխատանքի, տրանսպորտի հարցում կաթվածահար վիճակ չկա։

Սակայն պետք է հասկանալ`արդյոք մարդիկ կարող են աշխատել ներկա գնային պայմաններում։ Նրա խոսքով` անհրաժեշտ է մասնագետների ուսումնասիրությունը։

«Կքննարկենք հարցը մարզային ադմինիստրացիայի, մարզպետի հետ, կտեսնենք, որ ուղղությամբ շարժվել։ Այդ հարցը կարևոր է ոչ միայն Վանաձորի համար», – ասաց Ասլանյանը։

Նա նաև հայտնեց, որ ակցիային մոտ 30 վարորդ է մասնակցել։

Մայիսի 1-ից սեղմված գազը գազալցակայաններում վաճառվում է կիլոգրամներով։ Նման փոփոխություն են իշխանությունները մտցրել, որպեսզի վաճառքը կախված լինի գազի զանգվածից, այլ ոչ թե ծավալից (գազի պարունակությունը խմ–ներով կարելի է փոփոխել ջերմաստիճանի և ճնշման հետ մեկտեղ, իսկ զանգվածն անփոփոխ է մնում)։

Հայաստանում մեքենաների 90% լիցքավորվում է գազով, և ոչ թե բենզինով (վառելիքի գները համեմատելիս հանրապետությունում մեքենան գազով լիցքավորելը 2,5-3  անգամ ավելի էժան է ստացվում)։