Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը

Ժողովրդական արտիստ ու այդ կոչման բովանդակությանը լիովին համարժեք՝ հայրենակիցների սերը, հարգանքն ու ճանաչումը վայելող դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է: Այո, մեր ու մեր ծնողների, տատիկ-պապիկների սիրելի դերասան Արմեն Խոստիկյանն այսօր կբոլորեր 90-ամյակը:
Sputnik

Դժվար է ասել, թե հայրենի թատրոնի բեմը, նաև կինոն ինչպես կլրացներ խոստիկյանական ուրույն հմայքը, եթե ինքը՝ Արմեն Խոստիկյանը հեռավոր 1947-ին շարունակեր ուսանել բժշկական ինստիտուտում: Նա, անկասկած, ամենասրտամոտ ու ամենակարեկից բժիշկը կլիներ իր հիվանդների ու այցելուների համար: Ու էլի՝ շատ սիրված:

Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

Բայց, ինչպես ժամանակակիցներն են հիշում, մի օր բժշկականի դասախոսություններից մեկի ժամանակ ուսանող Խոստիկյանը վատ է զգում ֆորմալինի լուծույթի սպեցիֆիկ հոտից: Եվ, եթե դասախոսը բարձրաձայն մտածում է, թե նրանից բժիշկ դուրս չի գա, համակուրսեցիներից մեկը ավելի բարձրաձայն նկատում է, որ Արմենը արտիստ է:

Պատմությանն անհայտ է մնացել, թե այդ համակուրսեցին հետագայում ինչ հաջողությունների է հասել բժշկության ասպարեզում, բայց ակներև է, որ Արմեն Խոստիկյանի վերաբերյալ «ախտորոշումը» առավել քան դիպուկ է եղել ու նաև՝ ցմահ:

Եվ Արմեն Խոստիկյանը 1947-ին արդեն Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանող էր՝ Արմեն Գուլակյանի կուրսում:

Այն ժամանակ, երբ Արմեն Խոստիկյանը բեմ ելավ, հայրենի թատրոնում ու կինոյում  չկային «աստղեր», այլ կային Մեծեր. իսկապես՝ Մեծեր:

Իսկ Արմեն Խոստիկյանը յուրահատուկ հմայքով, ինչպես ասում են՝ «աստղով» դերասան էր:

«Էս Երևանը իմ թուլությունն ա». Աշոտ Ղազարյանը պատմում է այն, ինչի մասին երբեք չի պատմել

Այնպիսին, որ նույնիսկ դրվագային կերպարներ մարմնավորելով հիշվում է, տպավորվում, ուրախացնում: «Ոսկե ցլիկը», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմերում, հեռուստամանրապատումներում կամ տոնական երեկույթներում նրա արտասանած ֆրազները, կարելի է ասել՝ միանգամից «թևավոր խոսք» էին դառնում:

Լիներ դա «մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս», թե «Միլիոն» ցլիկին ուղղված հանդիմանանքը դավաճանության վերաբերյալ:

Ինչ խոսք, Արմեն Խոստիկյանը տասնամյակների ընթացքում բազմաթիվ ու բազմատեսակ կերպարներ է մարմնավորել թատրոնում և կինոյում, նաև հեռուստածրագրերում հանդես գալով:

Բայց հիմնականը, ինչ կցանկանայինք ընդգծել մեծ դերասանի 90-ամյա հոբելյանի առթիվ, սրտանց շնորհակալությունն է ու երախտագիտության զգացումը:

Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը

Շնորհակալություն՝ հատկապես անուրախ տարիներին մարդկանց անսահմանափակ քանակությամբ ժպիտ պարգևելու ու լավատեսություն հաղորդելու համար, ուրախության պրոֆեսոր և ծիծաղով բժշկող սիրելի Արմեն Խոստիկյան:

Շնորհավոր տարեդարձդ: