ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված 140 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ:
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը։
Անկարայի գլխավոր դատախազության վարած հետաքննության շրջանակներում արձանագրվել է, որ նշված անձինք կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) հետ։
Մեղադրվողների մեջ են ցամաքային ուժերի հրամանատարությունից 50 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ, ռազմածովային ուժերի հրամանատարությունից 31 ենթասպա և ռազմածովային ուժերի հրամանատարությունից 11 իմամ և 48 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ։
Անկարայի անվտանգության վարչությունը դեռ շարունակում է ձերբակալությունների գործընթացը։
Հայտնի է, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել նաև 9 ուսուցչի վերաբերյալ։ Նրանցից 5-ն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել են Անկարայի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։
Ուսուցիչները մեղադրվում են «ByLock» բջջային հավելվածը օգտագործելու մեջ։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում պնդում են, որ այդ հավելվածը որպես հաղորդակցման միջոց է օգտագործվում ֆեթհուլլահականների շրջանում։