ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կա ՀՀ 5 քաղաքացի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից` հղում անելով Իտալիայում ՀՀ դեսպանությանը։
Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, իսկ 1-ն ունի թեթև վնասվածքներ և դեռ գտնվում է հիվանդանոցում:
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ նոր մանրամասներ ստանալու նպատակով:
Իտալիայում Հայաստանի դեսպանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վիրավորների թվում եղել են 10․06.1982թ. ծնված Մարգարիտա Գյուլումլան և 24.04.1987թ. ծնված Նինա Մեհրաբյանը։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22–ի առավոտյան Սիենա–Ֆլորենցիա մայրուղում երկհարկանի զբոսաշրջային ավտոբուս է շրջվել։ Իտալական ԶԼՄ–ները սկզբում հայտնել էին, որ ավտոբուսում ռուսաստանցի զբոսաշրջիկներ են եղել։ ԶԼՄ–ների տվյալով` 60-հոգանոց խումբ է եղել։ ԶԼՄ–ների տվյալով` մահացել է մի կին` զբոսավարը։ Վիրավորվել են 15 մարդ, որոնցից 4–ը ծանր վիճակում են, 4–ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։