Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Ռուս լուսանկարիչ Յուրի Պավլովն առաջինների շարքերում էր, որ իմանալով 88–ի աղետի մասին, շտապեց Հայաստան:
«30 տարեկան էի, երբ իմացա, որ ահավոր երկրաշարժ է տեղի ունեցել: Չեմ կարող բացատրել պատճառները, բայց անմիջապես ցանկություն հայտնեցի մեկնել Հայաստան: Կալինինգրադում էի ապրում, ընկերներս առաջարկեցին Մինսկից մեկնել Երևան՝ ինքնաթիռով: «Զվարթնոցից» ավտոբուսով առավոտ վաղ մեկնեցի Լենինական: Այն տպավորությունն էր, որ ռազմական դրություն է: Երբ հասա Լենինականի նախկին Լենինի հրապարակ, ցնցող տեսարան էր»,-հիշում է լուսանկարիչը:
Լուսանկարչական ապարատներից ու ժապավեններից բացի, նա նաև քնապարկ էր վերցրել` իմանալով, որ քաղաքում ավերածություններ են ու գիշերը պատսպարվելու տեղ դժվար կլինի գտնել: Բայց սեփական տներից մեկում բնակվող գյումրեցի մի հյուրընկալ մարդ, որ լուսանկարչի հիշելով, նույնիսկ նորմալ ռուսերեն չէր հասկանում, չի թողել, որ Յուրի Պավլովը դրսում գիշերի:
«Ես նկարում էի իմ տեսածը, ինքս ինձ համար: Այդ ժամանակ Լենինականում պատահաբար հանդիպեցի իմ ծանոթներից մեկին: Հետո սկսեցի նաև օգնել մարդկանց՝ փլատակներից դուրս բերել հարազատներին: Բայց տեսարաններից մեկն այնքան սարսափելի էր, որ զգացի՝ այլևս չեմ կարող դա անել ու միայն լուսանկարում էի»,- այդ դաժան օրերը վերհիշելով պատմում է լուսանկարիչը:
Բայց, չնայած աղետալի վիճակին, Լենինականը լուսանկարչի հիշողության մեջ տպավորվել է ոչ միայն ահավոր պատկերներով, այլև կյանքի շարունակականության մասին հուշող դրվագներով:
Լուսանկարիչն ասում է, որ իր կյանքում ամենահամեղ սուրճն այստեղ է ըմպել. «Լուսանկարում էի մի բնակելի, որի փլատակների տակ մարդիկ իրենց հարազատների դիակներն էին փնտրում: Տեսան, որ երկար ժամանակ լուռ լուսանկարում էի, ու կանայք ինձ սուրճ առաջարկեցին: Ես նման սուրճ կյանքումս չեմ խմել: Հիացած եմ նաև գյումրեցի կանանց կոկիկ հագուկապով, այդ թոհուբոհի մեջ զուսպ պահվածքով:
Այդ օրերը իմ կյանքում շատ բան փոխեցին: Դա պատճառ դարձավ, որ դրանից հետո չսիրեմ վավերագրությունը՝ տխուր փաստերը թողնելով պատմությանը: Չորս օր մնացի քաղաքում ու, երբ հեռանում էի, ծանր ու տխուր մտքերի մեջ էի, անընդհատ մտածում էի քաղաքում մնացածների մասին ու այն մասին, թե ինչպես կարող են նրանք գոյատևել»:
Յուրի Պավլովը պատմում է, որ մեծ է եղել Լենինական, այժմ՝ Գյումրի վերադառնալու ցանկությունը: Եվ աղետից 23 տարի անց նա վերադարձել է: Առհասարակ, Հայաստան գալու պատճառները խորն են: Յուրի Պավլովի կինը հայուհի է, արմատներով Շիրակի մարզից, և դա պարբերաբար Հայաստան գալու լավ առիթ է:
Իսկ այն ժամանակ` 88-ի երկրաշարժից 1 տարի անց, Յուրի Պավլովն ու իր ընկերները երկրաշարժից հետո արված լուսանկարներով Կալինինգրադում ցուցահանդես էին կազմակերպել և տոմսերի վաճառքից հավաքված գումարները տրամադրել աղետից տուժած 2 ընտանիքի:
Հետագայում ևս երկու ցուցահանդես կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 20-րդ և 25-րդ տարելիցներին: Իսկ 30 տարի անց` 2018 թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին, 20 հայ լուսանկարիչ մասնակցեցին Երախտագիտության ակցիային՝ լուսանկարելով ժամանակակից Գյումրին: Այդ լուսանկարների հիման վրա ստեղծվեց մի եզակի ցուցադրություն, որն արտացոլում էր Գյումրու կյանքը՝ ահավոր երկրաշարժից 30 տարի անց:
Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ
Այս ցուցադրությունը նվիրված է այն բոլոր լուսանկարիչներին, ովքեր լուսանկարել էին Լենինականը1988 թվականի այդ սարսափելի դեկտեմբերին: Նրանց թվում էին Իգոր Գավրիլովը, Յուրի Ռոստը, Ալեքսանդր Գուշչինը, Ալեքսանդր Գրաշչենկովը, Գեորգի Պինխասովը, Վլադիմիր Սվարցևիչը և շատ ուրիշներ:
Ի դեպ, բոլոր ցանկացողներն այս օրերին կարող են ծանոթանալ այդ լուսանկարներին՝ ցուցահանդեսը մայիսի 28-30 բաց կլինի Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահում»: