Հայտնի է` ՀՀ քանի քաղաքացի է եղել Իտալիայում վթարի ենթարկված ավտոբուսում

Իտալիայում շրջված ավտոբուսում ՀՀ քաղաքացիներ են եղել, որոնց թվի վերաբերյալ արդեն հստակ տեղեկություն կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Նրանցից 3-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վիրավորների թվում եղել են 10․06.1982թ. ծնված Մարգարիտա Գյուլումլան և 24.04.1987թ. ծնված Նինա Մեհրաբյանը։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22–ի առավոտյան Սիենա–Ֆլորենցիա մայրուղում երկհարկանի զբոսաշրջային ավտոբուս է շրջվել։ Իտալական ԶԼՄ–ները սկզբում հայտնել էին, որ ավտոբուսում ռուսաստանցի զբոսաշրջիկներ են եղել։ ԶԼՄ–ների տվյալով` 60-հոգանոց խումբ է եղել։ ԶԼՄ–ների տվյալով` մահացել է մի կին` զբոսավարը։ Վիրավորվել են 15 մարդ, որոնցից 4–ը ծանր վիճակում են, 4–ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։