ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 28–ին Բիշքեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհուրդը նեղ կազմով նիստի ընթացքում որոշում է կայացրել պետությունների ղեկավարների քննարկմանը դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020թ–ի հունվարի 1–ից։ Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը` Բիշքեկում բացելով ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը։

ՀՀ–ն շահած դուրս եկավ. ՀԱՊԿ–ում Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ. «Հրապարակ»

«Մենք որոշում ենք կայացրել քննարկել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիլսավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020թ–ից», – ասել է Այդարբեկովը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 28–ին Բիշքեկում։ Նրա խոսքով` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին տեղի կունենա կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ու թեև այդ կառույցը ղեկավարելու ժամկետը Հայաստանի համար սպառվում է 2 տարուց, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը և ստացել կազմակերպության այլ անդամների համաձայնությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով: