ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. 45–ամյա ձյուդոիստ Հարություն Ղարիբյանը չի վախենում վետերան բառից։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում և պատմեց, թե ինչ զգացողություններ է ունեցել Երևանում անցկացված ձյուդոյի վետերանների բաց մրցաշարին մասնակցելիս։
«Ես կարծես նորից երիտասարդացա: Ճիշտ է` տատամի դուրս գալով ինչ–որ տեղ հիշողությունների հիման վրա էի գոտեմարտում, բայց միևնույնն է` ուզում էի անպայման հաղթել, ինչպես երիտասարդ տարիներին: Զգացի, որ տարիքով մեծացել եմ, բայց հոգով երիտասարդ եմ: Եվ այդ զգացումը միայն մրցագորգն ու մրցաշարը ինձ տվեցին: Շատ ուրախ եմ, որ նման մրցաշար անցկացվեց ու չեմ վախենում վետերան բառից»,– ասաց Ղարիբյանը, որն օրեր առաջ Երևանում անցկացված մրցաշարում հաղթեց 40-49 տարեկանների մրցավեճում, մինչև 100կգ քաշային կարգում:
Ձյուդոյի վետերանների բաց մրցաշարի ընթացքում կարելի էր տեսնել, թե ինչպես են մարզական կարիերան վաղուց ավարտած մարզիկները վերհիշում իրենց մարզական անցյալը, մարզումները և դա արտահայտում հնարքներով: Մանավանդ ուժային մարզաձևում, չխուսափեմ այդ բառից՝ նման վերհուշները երբեմն նույնիսկ վտանգավոր են, քանի որ միառժամանակ չմարզված մկանները կարող են տեղի տալ, ու... վնասվածքը պատրաստ է:
Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի ԵԼ եզրափակչին. «Արսենալի» հայտարարությունը
Սակայն այս մրցումները, ի լրումն ամենի, ցույց տվեցին, որ արևելյան մարտարվեստ ձյուդոն (թարգմանաբար՝ «փափուկ ճանապարհ») նաև խորը փիլիսոփայություն է ամփոփում իր մեջ:
Ձյուդոիստները միայն իրենց մարմինը չէ, որ մարզում են, այլև՝ հղկում են միտքը, կոփում կամքը, հաղթահարում «անհնար»-ի կամ «դժվարի» հոգեբանական պատնեշները, առհասարակ, պատնեշները, միաժամանակ՝ զարգացնում են ինքնատիրապետումն ու կազմակերպվածությունը, կենտրոնացումն ու գործելու, մտածելու արագությունը:Մի խոսքով՝ ձյուդոյի հնարքները ցուցադրվող գեղեցկությունն են, բայց այդ էսթետիկան շատ խորքից եկող հիմքերի վրա է խարսխված:
Եվ այն վետերան մարզիկները, որոնք դուրս եկան տատամի՝ մասնակցելու այս բաց առաջնությանը, բազմաթիվ դրվագներում իրենց ճարպիկ ու տպավորիչ հնարքներով ևս մեկ անգամ ապացուցին այս մարզաձևի գեղեցկությունն ու խորությունը:
Միայն պետք էր տեսնել, թե 25-60 տարեկան ձյուդոիստները ինչ խանդավառությամբ էին մոտեցել վետերանների բաց առաջնությանը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ:
Իհարկե, տարբեր քաշային կարգերում եղան հաղթողներ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իսկապես հաղթողը մեկը չէր: Տվյալ դեպքում հաղթեցին բոլորը, որովհետև նույնիսկ պարտություն կրած վետերանների տրամադրությունը շատ բարձր էր:
Մրցումներին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, որոնք գոտեմարտերին բավականին էմոցիոնալ հետևելուց հետո, մեդալներով ու դիպլոմներով պարգևատրեցին հաղթողներին ու մրցանակակիրներին:
Ստորև ներկայացնում ենք մրցումների բոլոր հաղթողներին: 25-29 տարեկանների խմբում չեմպիոններ դարձան 66 կգ քաշային Գուրգեն Գինոսյանը, 90 կգ քաշային Մաքսիմ Մարգարյանը, 30-39 տարեկանների խմբում՝ 66 կգ քաշային Մեսրոպ Բերբերյանը, 90 կգ քաշային Միքայել Իվանյանը, 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, 40-49 տարեկանների խմբում՝ 100 կգ քաշային Տարոն Առաքելյանը, 81 կգ քաշային Վրեժ Մամիկոնյանը, 100 կգ քաշային Հարութ Ղարիբյանը, 50-59 տարեկանների խմբում՝ 100 կգ քաշային Հայկ Սարգսյանը և 60+ տարեկանների խմբում՝ 61 կգ քաշային Վարդան Խուգյանը: