Դուք հայրենասիրության վառ օրինակ եք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կոմանդոսին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս)։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

«Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը: Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը»,– նշված է շնորհավորական ուղերձում:

Փաշինյանն Արկադի Տեր–Թադևոսյանին մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ: