«Չելսիի» գլխավոր մարզիչը հիասթափված է, որ Մխիթարյանը չի խաղա Բաքվում

«Չելսի» ակումբի գլխավոր մարզիչն արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված որոշմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Լոնդոնի «Չելսի» ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու և Եվրոպա լիգայի եզրափակիչին չմասնակցելու որոշումը:

«Մաուրիցիո Սարրին հիասթափված է, որ Մխիթարյանը չի կարողանա եզրափակիչ խաղում դուրս գալ մարզադաշտ»,- նշված է լոնդոնյան ակումբի Twitter-յան էջում:

​Սարրին նաև հայտնել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչի անցկացման վայրը դժվար հասանելի է երկրպագուների համար. կարելի էր ավելի հարմար վայր ընտրել:

Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

Հիշեցնենք` ավելի վաղ «Ասրենալը» հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար։ Մխիթարյանն էլ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ստիպված են եղել նման որոշման գալ. ինքը բաց կթողնի տարվա կարևոր ֆուտբոլային իրադարձությունը։

Նշենք, որ պաշտոնական Ադրբեջանը և ՈՒԵՖԱ–ն խոստացել էին ապահովել մարզիկի անվտանգությունը և օգնել վիզա ստանալու և Ադրբեջան մուտք գործելու համար այլ փաստաթղթեր ձևակերպելու հարցում։

Բայց լոնդոնյան ակումբում մտահոգություն ունեին, որ Մխիթարյանի ազգային պատկանելիության և ՀՀ քաղաքացիության պատճառով Բաքվում կարող են խնդիրներ ծագել։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների. նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղի» հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ «Արսենալը» Բաքվում կհանդիպի «Չելսիին»։