Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

Հայաստանի արտգործնախարարը մայիսի 21–ին կմեկնի Ղրղըզստանի մայրաքաղաք` մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մի քանի ժամից արտգործնախարարը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ կքննարկվեն օրակարգի հարցեր, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` կքննարկվի նաև իրավական բացը լրացնելու հարցը, որը վերաբերում է կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերին։

Նաղդալյանը նշեց, որ մինչև այդ հարցերի քննարկումը դեռ վաղ է խոսել Բելառուսի թեկնածուին գլխավոր քարտուղար նշանակելու մասին։ Այդ մասին որոշումը և թեկնածության հարցը կլուծվի ՀԱՊԿ բոլոր անդամների հետ։