Խուլերի միավորման անդամներից մեկը կծել է ոստիկանի ձեռքը. մանրամասներ

Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները երեկ` մայիսի 20–ին, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Գետում հայտնաբերված երիտասարդի գլխին վնասվածքներ են եղել. մանրամասներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Հայաստանի խուլերի միավորման շենքում։ Միավորման շենքում վարձակալական հիմունքներով գործում է մի կազմակերպություն, որի անդամներին երեկ միավորման որոշ անդամներ թույլ չեն տվել մտնել շենք և զբաղվել իրենց բնականոն գործունեությամբ։

Կազմակերպության անդամները դիմել են ոստիկանների օգնությանը։ Իրավապահները եկել են դեպքի վայր և փորձել են կարգուկանոն հաստատել, սակայն ներկաներից ոմանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Նրանց բերման ենթարկելու ժամանակ Խուլերի միավորման անդամներից մեկը կծել է ոստիկանության ծառայողի ձեռքը։ Մեր տեղեկություններով՝ մի կին էլ եղունգներով ճանկռել է մեկ այլ ոստիկանի ձեռքերը։

Մեր տեղեկություններով` ձեռքի վնասվածքով ոստիկանը նույնիսկ բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։