Ծեծկռտուք «Արթիկում». Վարդան Ղուկասյանի եղբորորդու ու խցակցի ջրերը նույն առվով չեն հոսել

Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու խցում վիճաբանություն է եղել, ինչից հետո խցակիցները միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ ՔԿՀ–ի աշխատակիցներն անմիջապես կանխել են քաշքշուկի զարգացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. «Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի և նրա խցակցի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Մայիսի 19–ի առավոտյան Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու խցակիցներ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ ՔԿՀ–ի աշխատակիցներն անմիջապես կանխել են քաշքշուկի զարգացումը։ Երկու դատապարտյալներին էլ առաջին բուժօգնություն են ցուցաբերել. նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել»,–ասաց նա։

Փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, մեղադրվում է 2014թ. հուլիսի 22-ին Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության մեջ։ Նա 17 տարվա ազատազրկման է դատապարտվել։