Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ

ՀՀ փոխվարչապետը Ուկրաինա էր մեկնել՝ մասնակցելու երկրի նախագահի երդմնակալության արարողությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Այս մասին նա տեղեկացնում է Facebook-ի իր էջում:

Ո՞վ է նա. Ուկրաինայի ապագա առաջին տիկինը` Ելենա Զելենսկայան, պատմել է իր և ամուսնու մասին

«Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ վերջինիս եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները»,- գրել է Ավինյանը:

Նա տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում, Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ, քննարկվել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հետ կապված հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Ավինյանը Ուկրաինա էր մեկնել՝ մասնակցելու երկրի նախագահի երդմնակալության արարողությանը: