Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում չէր. իրավաբանը` դատարանները փակելու մասին

Իրավաբանը կարծում է, որ գործադիր և դատական իշխանության հակասությունները կարող է կարգավորել նախագահ Արմեն Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարաններն արգելափակելու մասին կոչը սահմանադրական կարգը տապալելու փորձ չէր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Քոչարյանի և մյուսների գործը Սահմանադրական դատարանին փոխանցելը կոնկրետ նպատակ ունի.Այվազյան

Նրա խոսքով` դատարանների շենքերի արգելափակումը եղել է Քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածի խախտում, բայց ոչ մի կապ չունի 300.1–րդ հոդվածի հետ (սահմանադրական կարգի տապալում)։ Սահմանադրական կարգի տապալումը, ըստ էության, ժողովրդի իշխանության յուրացում է, բայց երեկ ոչ մի յուրացում չի եղել։

Այդուհանդերձ, Փաշինյանի և նրա կողմնակիցների գործողությունները հակասում են օրենքին։ Ինչպես նշեց իրավաբանը, դատական համակարգը քաղաքական մարմին չէ։ Եթե խորհրդարանի կամ կառավարության արգելափակումն ինչ–որ կերպ տեղավորվում է քաղաքական պայքարի տրամաբանության մեջ, քանի որ դրանք քաղաքական մարմիններն են, ապա դատարանները քաղաքականությունից դուրս են, և դրանց արգելափակումը չի համապատասխանում օրենքի տառին։

Այվազյանը կարծում է, որ գործադիր և դատական իշխանության միջև առկա հակասությունները կարող է կարգավորել նախագահ Արմեն Սարգսյանը։ Պետության ղեկավարը, չնայած լիազորությունների սահմանափակվածությանը, պետք է միջամտեր իրավիճակին։

Այվազյան․ «Դատարանի աշխատանքը խոչընդոտելը կնշանակի հուղարկավորել Սահմանադրությունը»

Իրավաբանը համարում է, որ Սարգսյանի հայտարարությունը թույլ էր և կոնկրետությունից զուրկ։ Նախագահը պետք է ավելի մեծ ակտիվություն դրսևորի, փորձի հարթել իրավիճակը, հանդես գա որպես միջնորդ։

Հիշեցնենք` մայիսի 20–ին դատական համակարգին նվիրված հանդիպում–քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի մասին։ Նա ասել էր, որ նաև, որ ՄԻԵԴ–ի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները և նրանք, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան։

Վարչապետի խոսքով, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար Ազգային ժողովում պետք է օրենսդրական փոփոխություններին ուղղված աշխատանքներ սկսեն։