Նոր խումբ է եկել. ի՞նչ ճակատագրի արժանացան Հայաստանում բողոքի ակցիա անող տաջիկները

Հայաստանում տաջիկների բարձրացրած հարցը լուծվել է, ավելին` մեր երկիր տաջիկների նոր խումբ է ժամանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ մարտ ամսին բողոքի ցույց կազմակերպած Տաջիկստանի քաղաքացիները մնացել են Հայաստանում և շարունակում են աշխատել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Գագիկ Խաչիկյանի ներկայացուցիչը` Լուսինեն։

Տաջիկստանի քաղաքացիները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ստիպել գործարար Գագիկ Խաչիկյանին վճարել իրենց աշխատավարձերը։

Տաջիկ բամբակագործներն աշխատավարձ են պահանջում հայ գործարարից, նա հերքում է մեղադրանքները

2018 թվականից Հայաստանում որպես բամբակի աճեցման մասնագետ աշխատել են Տաջիկստանի 12 քաղաքացի։

Փաշինյանին դիմել էին նրանցից 5-ը։ Բոլորին Հայաստան հրավիրել էր Խաչիկյանը, որն անձամբ մոտ 20 տարի բնակվել է Տաջիկստանում և զբաղվել բամբակ աճեցնելով։ Արդյունքում որոշել էր նմանատիպ գործ հիմնել նաև հայրենիքում` այստեղ տաջիկներ հրավիրելով։

«Եթե տաջիկների խնդիրը լուծված չլիներ, ապա նրանք նորից կգնային Փաշինյանի մոտ», – ասաց Լուսինեն։

Նրա խոսքով` «աղմուկ բարձրացրած աշխատակիցները», մեկնել են երկրից` աշխատելով պայմանավորված ժամկետից ավելի քիչ։

Լուսինեն հավելեց, որ մասնագետների նոր խումբ է ժամանել Տաջիկստանից, քանի որ Հայաստանում սկսում է բամբակի ցանքի ժամանակը։ Այսօր նրանք ցանում են բերքը, որը կհավաքեն սեպտեմբերի վերջին։