ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Կառավարությունը որոշել է նախարարների ծառայողական ավտոմեքենաները փոխարինել էլեկտրամոբիլներով։ Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաները ձեռք կբերվեն բնապահպանական դրամաշնորհային գումարներով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
Այստեղ հրապարակված տեղեկատվության համաձայն` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այդ նպատակով տրամադրել է 700 000 եվրո։ Այդ գումարով կառավարությունը նախատեսում է գնել 12 ավտոմեքենա` ըստ նախարարների քանակի։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, սակայն, չի բացառում, որ մեկ այլ ծրագրով համապատասխան ֆինանսավորման դեպքում էլեկտրամոբիլներով կփոխարինվեն նաև վարչապետի ու փոխվարչապետի ծառայողական ավտոմեքենաները։
«Նախագահը ևս հետաքրքրություն է հայտնել»,– նշում է նախարարը` հավելելով, որ նոր գնվող ավտոմեքենաները շքեղ չեն լինելու, լինելու են հարմարավետ։
էլեկտրամոբիլների ներկրումը Հայաստան տարեցտարի ավելանում է։ Եթե 2016թ. Հայաստան է բերվել էլեկտրական շարժիչով 5 ավտոմեքենա, ապա այսօր դրանց թիվը Երևանում արդեն 100-ն է։ Մարզերում էլեկտրամոբիլ վարողներ դեռ չկան։
Կառավարությունը հուսով է, որ իր նախաձեռնությունը խթան կհանդիսանա նաև հանրության համար` վառելիքով ավտոմեքենաները էլեկտրագնացներով փոխարինելու։