Ինչո՞ւ Գևորգ Ղազարյանը խզեց պայմանագիրը. ֆուտբոլիստը խոսել է պատճառների մասին

Պորտուգալական «Շավիշի» հետ պայմանագիրը խզելուց հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կարող է հայտնվել այլ թիմում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Մայիս — Sputnik. «Շավիշը» որը Պորտուգալիայի նախորդ առաջնությունում(17/18 մրցաշրջան) զբաղեցրել էր վեցերորդ տեղը ծայրահեղ անհաջող հանդես եկավ, մասնավորապես, առաջնության վերջնամասում: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը նշեց, որ, ցավոք, վերջին երեք խաղերում թիմը մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի հաշվով, իսկ մյուս երկուսում պարտվեց, ու չկարողացավ տեղը պահպանել բարձրագույն խմբում:

Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

Խոսելով իր պայմանագիրը խզելու մասին` Ղազարյանը նշեց, որ ակումբի հետ որևէ խնդիրներ չի ունեցել։

«Պարզապես, քանի որ թիմը դուրս մնաց ուժեղագույնների շարքից, խզեցի պայմանագիրս: Հիմա, բնականաբար, արդեն կարող եմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին: Բայց պայմանագիրը խզելուց ընդամենը մեկ օր է անցել, ու որևէ թիմում խաղալու նոր տարբերակներ դեռ չկան» - ավելացրեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը «Շավիշ» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը, ու թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում`դառնալով երեք գոլի հեղինակ և կատարելով գոլային երկու փոխանցում: Իսկ խաղերի քիչ քանակը պայմանավորված էր հայ ֆուտբոլիստի վնասվածքով:

Մայիսի 21–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրը պորտուգալական «Շավիշի» հետ, չնայած ըստ պայմանագրի` մեր ֆուտբոլիստը ևս մեկ տարի պետք է խաղար այս թիմում: