ԵՐԵՎԱՆ, 21 Մայիս — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը։
«Միկին մեր թիմի կարևոր խաղացողներից է, նրա ներկայությունն անհրաժեշտ էր եզրափակչում։ Այս որոշումն ավելի շատ կորուստ է թիմի համար»,–ասված է հայտարարության մեջ։
Ակումբը ցավով ընդգծում է, որ Մխիթրայանը ստիպված է բաց թողնել գլխավոր ֆուտբոլային այս իրադարձությունը, բայց այն կարող է ցանկացած ֆուտբոլիստի կարիերայում կարևոր քայլ դառնալ։
Մխիթարյանն անձամբ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ստիպված են եղել նման որոշման գալ. ինքը բաց կթողի տարվա կարևոր ֆուտբոլային իրադարձությունը։
Նշենք, որ պաշտոնական Ադրբեջանը և ՈՒԵՖԱ–ն խոստացել էին ապահովել մարզիկի անվտանգությունը և օգնել վիզա ստանալու և Ադրբեջան մուտք գործելու համար այլ փաստաթղթեր ձևակերպելու հարցում։
Բայց լոնդոնյան ակումբում մտահոգություն ունեին, որ Մխիթարյանի ազգային պատկանելիության և ՀՀ քաղաքացիության պատճառով Բաքվում կարող են խնդիրներ ծագել։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների. նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղի» հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ «Արսենալը» Բաքվում կհանդիպի «Չելսիին»։