Հայրենական պատերազմի վետերան, վազաշենցի Սանթուր պապը 100-ամյակը նշեց խաղաղ կյանքի երգով

Սահմանամերձ Վազաշենում մեծից փոքր գիտեն, թե ինչ է պատերազմ, գիտեն և խաղաղության գինը: Ու այստեղ շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում հայրենի հող: Այստեղ ժամանակին քաջաբար դիմագրավել են գիշերով գյուղ սողոսկած հակառակորդին, ու դիմագրավում են մինչև այսօր՝ պահպանելով ու, ըստ հնարավորության, շենացնելով հայրենի գյուղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Վազաշենում մեծից փոքր, իհարկե, ճանաչում են Հայրենական մեծ պատերազմի վետերան, օրերս 100 տարեկանը բոլորած Սանդրո Ստեփանյանին, կամ ինչպես իրենք են ասում՝ Սանթուր պապին: Իսկ մայիսի 20-ին Վազաշենի լեգենդար բնակչին հյուր էր եկել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ շնորհավորելու Սանդրո Ստեփանյանի ծննդյան 100-ամյակը:

«Գիտեք, հետաքրքիրն այն է, որ նույնիսկ 100 տարեկանում Սանդրո Ստեփանյանը  շատ մարտական էր տրամադրված: Ու չնայած նա տարիներ առաջ կուրացել է, բայց լսեցինք նաև իր երգը, որ կյանքի ու սիրո մասին է»,-Մեծ հայրենականի վետերանի հետ հանդիպումից ստացած իր տպավորությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փոխանցեց պատգամավորը:

Հայրենական պատերազմի վետերան, վազաշենցի Սանթուր պապը 100-ամյակը նշեց խաղաղ կյանքի երգով

Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Իմ քայլը» խմբակցությունից է. նա էր Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի հետ համագործակցությամբ, Հաղթանակի տոնին ընդառաջ, նախաձեռնել երկրորդ աշխարհամարտի վետերանների այցելությունը խորհրդարան:

Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները

ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները, հասկանալի է, ոգևորությամբ էին արձագանքել նախաձեռնությանն ու ջերմորեն շնորհավորել էին խորհրդարան այցելած Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Պատգամավորը ցանկություն ունի նաև մի շարք միջոցառումներ կազմակերպել վետերանների հետ կապված, առավել ևս, որ հաջորդ տարի՝ 2020-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակն է, որը մեծ շուքով է նշվելու.  վերջերս այդպես պայմանավորվեցին ԱՊՀ երկրների ղեկավարները:

Իսկ իր այս նոր նախաձեռնության մասին Ալեքսեյ Սանդիկովը, մասնավորապես, նշեց.

«Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի վեց վետերանի 100-ամյակը: Եվ ես պլանավորում եմ այցելել մեր բոլոր այդ վետերաններին, անձամբ շնորհավորել ծննդյան տարեդարձը և փոքրիկ հուշանվերներ հանձնել: Գիտեք, մարդկանց ամենից անհրաժեշտ բանը ուշադրությունն է և իրենց ներդրումը գնահատելը: Իսկ այս դեպքում դա կրկնակի կարևոր է»:

Առաջին հոբելյարը, որին մայիսի 20-ին հյուրընկալվեց պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, վազաշենցի Սանդրո Ստեփանյանն էր:

Հայրենական պատերազմի վետերան, վազաշենցի Սանթուր պապը 100-ամյակը նշեց խաղաղ կյանքի երգով

Մարդ, որ իսկապես լեգենդար կյանք է ապրել, անցնելով դաժան փորձությունների միջով, բայց ինչպես տեսնում ենք, պահպանելով կյանք կորովը: Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի ասպետ Սանդրո Ստեփանյանը Կարմիր բանակ զորակոչվել է 1940-ին, ծառայության անցել 9-րդ հեծելազորային դիվիզիայի 136-րդ գնդում: Պատերազմի առաջին իսկ օրերին հեծալազորայինները ներգրավվել են մարտական գործողությունների թոհուբոհի մեջ, չնայած, որ հեծալազորը արդեն Առաջին աշխարհամարտի պատմության մեջ մնացած զորատեսակ էր համարվում: Պատերազմի առաջին այդ 1-2 ամսվա դաժան, պաշտպանական ու կենաց-մահու մարտերից մեկի ժամանակ էլ Սանդրո Ստեփանյանը ծանր վիրավորվում է և զրկվում մեկ ոտքից:

Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը

Բուժման տևական ընթացքից հետո, նա վերադառնում է հարազատ Վազաշեն (այն ժամանակ՝ Լալիգյուղ): Ինչպես մեր զրույցի ընթացքում պատմեց հերոսի թոռը, Մերուժան Հարությունյանը, նա չի վհատվել, ավելին՝ կրթվել է, տեխնիկում ավարտել, զոոտեխնիկ է դարձել, ապա եղել է ֆերմայի վարիչ: Ու չնայած տեղաշարժվել է պրոթեզի օգնությամբ, բայց, 1950-ականների մի երաշտ տարի շրջակա անտառում չցամաքած աղբյուրի ակունք է գտել ու դրանով, փաստորեն, փրկել գյուղի անասունների գլխաքանակը: Հետագայում համագյուղացիներն այդ ակունքի մոտ արդեն աղբյուր են սարքել ու անունը դրել Սանդրոյի աղբյուր:

Սանդրո Ստեփանյանը նաև նախաձեռնել է Հայրենական պատերազմում զոհված 63 համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցումը: Բայց նա դա անբավարար է համարել ու նաև զոհված համագյուղացիների թվով՝ 63 ծառ է տնկել հուշարձանի շրջակայքում: Իսկ երբ տարիներ անց զգացել է, որ ի վիճակի չէ խնամել այդ ծառերը, ամեն մեկին զոհվածների անուններով ցուցանակներ է փակցրել, որ նրանց թոռներն ու ժառանգները խնամեն իրենց պապերի հիշատակի ծառերը:

«Նա ամեն ինչ արել է իր գյուղի համար»,-ասում է հերոսի թոռը:

Կարող ենք միայն հավելել, որ այդպիսին են մարդիկ, որոնք փորձության պահին իրենց երկրի համար չեն խնայում ոչինչ: