Գևորգ Ղազարյանը հեռացավ պորտուգալական «Շավիշից»

Հայ ֆուտբոլիստը պայմանագիրը խզել է պորտուգալական ակումբի հետ, թեև դեռ մեկ տարի պիտի խաղար այդ թիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրը պորտուգալական «Շավիշի» հետ, չնայած ըստ պայմանագրի` մեր ֆուտբոլիստը ևս մեկ տարի պետք է խաղար այս թիմում:

Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել

Պորտուգալական ակումբի պաշտոնական կայքում նշված է, որ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

2018 թվականի հուլիսին Ղազարյանը երկու տարվա պայմանագիր կնքեց «Շավիշի» հետ, որ 2017/18 թվականների Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել էր վեցերորդ տեղը: Ընդ որում, հայ ֆուտբոլիստը «Շավիշ» տեղափոխվեց պորտուգալական մեկ այլ թիմից՝ «Մարիտիմուից»:

«Շավիշում» հայ կիսապաշտպանին չհաջողվեց լիովին իրեն դրսևորել: Բայց դրա պատճառը, ոչ թե խաղային խնդիրներն էին, այլ ֆուտբոլիստի վնասվածքները: Ղազարյանը թիմի անցկացրած 34 խաղերից մասնակցել է 19 հանդիպման ու այդ խաղերում դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստացել է ապահովել Մխիթարյանի անվտանգությունը

Անկասկած, ապաքինումից հետո լավ մարզավիճակ ձեռք բերելն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց հայ ֆուտբոլիստը թիմի վերջին երեք խաղերում միշտ էլ եղել է մեկնարկային կազմում` փորձելով օգնել «Շավիշին» վտանգավոր գոտուց խուսափելուն: Բայց Պորտուգալիայի առաջնության վերջին երեք տուրերում թիմը վաստակեց ընդամենը մեկ միավոր ու չկարողացավ պահպանել իր տեղը լավագույնների շարքում:

Ամենայն հավանականությամբ այս գործոնը վճռորոշ է եղել թիմի հետ պայմանագիրը խզելու Ղազարյանի որոշման մեջ: Իսկ թե որ թիմում կհայտնվի հայ կիսապաշտպանը, արդեն ցույց կտա ժամանակը: Առջևում ամառային տրանսֆերային պատուհանն է: