ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ցանկացած բանակցություններ, նույնիսկ ամենաանարդունավետը, ավելի լավ է, քան պատերազմը։ Այդ առումով պետք է ողջունել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների յուրաքանչյուր հանդիպում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ում չէին բացառել, որ Վաշինգտոնում կարող է կայանա երկու երկրների արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի նոր հանդիպումը։ Վերջին անգամ նախարարները կարճ զրույց են ունեցել մայիսի 13–ին Բրյուսելում։ Չնայած հանդիպումների ակտիվացմանը` կողմերը դեռ հեռու են փոխզիջումներից։ Երևանը պնդում, որ Արցախը անմիջական մասնակցի բանակցություններին, Բաքուն «սկզբունքայնորեն համաձայն չէ» նման դիրքորոշման հետ։
Սաֆրաստյանի կարծիքով` չնայած տեսանելի առաջխաղացումների բացակայությանը, պետք է օգտագործել բոլոր միջոցները ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պահպանելու համար։ Պետք է նաև ձգտել բանակցային գործընթացը հասցնել այնպիսի մակարդակի, որ այն համապատասխանի ինչպես միջազգային ստանդարտներին, այնպես էլ Հայաստանի շահերին։
«Առանցքային խնդիրն Արցախի մասնակցությունն է բանակցություններն։ Կարծում եմ` այն կլուծվի, քանի որ Արցախի վերադարձը բանակցությունների սեղան ամենատրամաբանական լուծումն է», - ասաց Սաֆրաստյանը և հավելեց, որ եթե Ադրբեջանն իսկապես հակամարտությունը կարգավորելու ցանկություն ունի, նախ և առաջ պետք է խոսի Ստեփանակերտի հետ:
Միաժամանակ նա սխալ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը։ Նրանք փաստացի չեն ուզում համոզել Բաքվին, որ Արցախի` բանակցությունների սեղան վերադառնալը ճիշտ է, նշելով, թե կարծում են, որ կողմերն իրենք պետք է պայմանավորվածություն ձեռք բերել դրա շուրջ։
«Եթե համանախագահներն իրենց վրա միջնորդի առաքելություն են վերցրել, ապա պետք է այնպիսի միջավայր ստեղծեն, որը կնպաստի իրական բանակցություններին, ոչ թե ներկայումս առկա իրավիճակին։ Հայկական կողմն իր հերթին պետք է այսուհետ իրեն պնդի, իր դիրքորոշման օգտին նոր փաստարկներ գտնի», – ասաց նա։
Միաժամանակ պետք է զգոն լինել, իմանալով, որ ցանկացած պահի իրավիճակն առաջնագծում կարող է սրվել։ Այնտեղ կարգավորման ռազմական սցենարը առաջվա պես հնարավոր է։ Այս առումով Սաֆրաստյանը ողջունում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ոչ թե ռազմական հավասարակշռության, այլև ռազմական առավելության հասնելու մասին։