Այլատյացության դրսևորում է. ԱԳՆ–ն` հայ երկրպագուների նկատմամբ Բաքվի վերաբերմունքի մասին

Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին հայ երկրպագուների ներկայությունն արգելելը կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման միջոցառումներ անցկացնելու նպատակահարմարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն արգելելն այլատյացության նոր դրսևորում է: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստացել է ապահովել Մխիթարյանի անվտանգությունը

«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասաց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է հայազգի երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու մասին լուրերին, Աննա Նաղդալյանը նշեց, որ դրանք անհանգստացնում են։

Հայաստանի ԱԳՆ–ն կողջուներ այն մոտեցումը, որ սպորտը վեր է քաղաքականությունից, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այդ սկզբունքին։

«Առավել ևս, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան: Այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքներ չտրամադրելն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում», – ասաց Նաղդալյանը։

Նրա կարծիքով` նման վերաբերմունքը կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը։ Նաղդալյանը հավելեց, որ Հայաստանն այդ հարցը կբարձրացնի միջազգային գործընկերների մոտ։