ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իրեն քաշքշելու, իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ հրավիրվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար»,–հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանները կարճ ժամանակում ճշտել են միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Իսպիրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ Կասկադում մոտ 20 հոգով մոտեցել են իրեն, որոնցից մեկը, նրա խոսքով, Նարեկ Մալյանի հետ հաղորդում վարող տղան է եղել։ Իսպիրյանին ասել են, որ բախտը բերել է` երեխաների հետ է նստած եղել։