Երևանում տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել կուրսանտները

15 համարի տրոլեյբուսն այրվել է կայծակի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի— Sputnik. Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բազմիցս են զինվորականներն ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են Չարբախում կայծակի հարվածից 15 համարի այրված տրոլեյբուսի ուղևորներին տարհանել և հրդեհը մարել»,– գրել է նա։

Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ երեք օր առաջ էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը: