Ոստիկանությունն անգործության է մատնված. Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է դատարաններից մեկի մոտ տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Դատարաններից մեկի մոտ հավաքվածները կոտրել են ապակիները։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ Նա նաև լուսանկար է հրապարակել։

Դատարանների մոտ մեկնարկել են բողոքի ակցիանները

«Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։

Ոստիկանությունը անգործության է մատնված։

Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,–գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։