Սարգսյանի կուսակցությունը Փաշինյանին հիշեցնում է` նրա խոսքին հետևում են նաև Ադրբեջանում

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյանն իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հայտարարություն է տարածել, որում չժխտելով դատական համակարգի նկատմամբ Հայաստանում կատարյալ առկա անվստահությունը, միաժամանակ չի ընդունում Սահմանադրության ոտնահարումը։

Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությունը բաժանում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները` դրանց հավասարակշռման հիման վրա:

Շահնազարյան․ «Վարչապետը տապալում է սահմանադրական կարգը»

«Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ:

«Հանրապետություն» կուսակցությունը, անընդունելի համարելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, միառժամանակ շեշտում է, որ կալանքից ազատ արձակումը բնավ չի նշանակում արդարացում: Հակառակը, նման պայմաններում, կուսակցության դիտարկմամբ, Քոչարյանն այլևս չի նա չի կարող իրեն քաղաքական հալածյալ ներկայացնել։

«Նմանօրինակ գործողություններով Ռոբերտ Քոչարյանին լիուլի հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը: Չի՛ կարելի նրան նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով»,– ասված է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մասին մեղադրանք-սպառնալիքներին, «Հանրապետություն» կուսակցությունը դա խիստ վտանգավոր է համարում և կոչ անում Փաշինյանին չտրվել հույզերին` հիշեցնելով, որ նրա ամեն խոսքին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:

2020 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ Արցախում իրավիճակի սրումը կուսակցության համոզմամբ, անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ՝ հատկապես հաշվի առնելով արտաքին վտանգը:

«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու իրավիճակը լիցքաթափելու ու բնականոն գործունեության վերադառնալու բոլոր անհրաժեշտ քայլերին: