Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն

ՀՀ վարչապետը կարծում է, որ Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է օրենսդրական փոփոխություններ անել։ Եթե անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե անցկացնել, պետք է նաև նման լուծումների գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց այսօրվա ակցիայի նպատակը

«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»,– ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ Ազգային ժողովում էլ պետք է օրենսդրական փոփոխության աշխատանքներ սկսեն` Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար։

«Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է նաև այդ քայլին գնանք։ Իսկ եթե անհրաժեշտ լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, պետք է նաև նման լուծումների գնալ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները Փաշինյանի կոչով փակել են հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։