Փաշինյանը դավադիր մտադրություններ է տեսնում Արցախի հարցում և խոստանում ամենակոշտ միջոցներ

Կառավարության անդամների ու իրավական մարմինների ղեկավարների հետ դատական համակարգին նվիրված հանդիպում–քննարկմանը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանում եղած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցներն ավելի շատ են տուժել։ Այսօր կառավարության անդամների ու իրավական մարմինների ղեկավարների հետ դատական համակարգին նվիրված հանդիպում–քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն

«Բայց այդ համակարգի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերն Արցախում ՀՀ կառավարության ու անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար։ Այս ամենը վերլուծելով` դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ։ Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործողություն և, որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ հասունացել է ժամանակը` 2016թ–ի ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար։

Փաշինյանն իր ելույթում Արցախի ժողովրդին կոչ արեց «ոչ» ասել բոլոր նրանց, ում գործողությունն ուղղված է երկու ժողովուրդների միջև հակասություններ սերմանելուն։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց այսօրվա ակցիայի նպատակը

«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս ՀՀ ժողովրդի և նրա լեգիտիմ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»,– ասաց Փաշինյանը։

Մյուս բոլոր ուժերը, նրա խոսքով, միայն մեկ նպատակ ունեն` «Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար»։

Ըստ Փաշինյանի, այդ ուժերը դավադրություններ են հրահրում ՀՀ և Արցախի դեմ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։