ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգնել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններին` նրանց ՄԻԵԴ ներկայացրած գանգատը հիմնավորելու։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Գաղտնիք չէ, որ Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Ի թիվս այլնի, գանգատում բերել էի այն օրինակը, որ վարչապետը իշխանության մյուս ճյուղի՝ ԱԺ-ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պաշարել էր ԱԺ շենքը։ Իսկ ոստիկանությունը, որը կոչված է բացառել նման վարքագիծը, չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր վարչապետի կողմից»,–գրել է նա։
Պաշտպանի խոսքով` ՄԻԵԴ ներկայացրած գանգատում իրենք զուգահեռներ են անցկացրել և նշել, որ Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը վարչապետին դուր չգալու դեպքում` վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա. «Ինչո՞ւ եմ սա հիմա հիշել: Որպեսզի ասեմ, որ 19.05.2019 թվականի կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի` այդքան կարևոր մի դրույթ։ Նա ուղղակիորեն արեց այն, ինչը ես` որպես ամենաբացասական կանխատեսում, ներկայացրել էի Եվրոպական դատարանին»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։