Նախկին կնոջ նկատմամբ մահափորձ կատարած տղամարդը ձերբակալվել է

37-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Նախկին կնոջ նկատմամբ մահափորձ կատարած 41–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները:

Նախկին ամուսինը դանակահարել է կնոջը. նա արնաքամ լինելով` հասել է հարևանի տուն

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից մեկում նախկին կնոջը դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. 37-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: