«Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու կոչը

«Լուսավոր Հայաստանը» կոչ է անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։ Այս մասին կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

«Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»,-նշված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը կարծում է, որ այս պարագայում խաթարվում է ՀՀ-ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Բացի այդ, ՀՀ այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։

ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը

«Լուսավոր Հայաստանը» կոչ է անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու ստեղծված իրավիճակը։ «Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»,-նշված է նրանց հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։