ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ դատաիրավական համակարգում հեղափոխական փոփոխություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ այդ փոփոխությունները պետք է արվեն մի քանի մարմինների հետ համատեղ զուգահեռ։ Խոսքն առաջին հերթին կառավարության, ինչպես նաև դատաիրավական մարմինների անմիջական ներգրավվածության մասին է։ Այդ գործընթացում պետք է ներգրավվի նաև Ազգային ժողովը, քանի որ մայիսի 24–ին հանրային քննարկումներ են սկսվելու անցումային արդարադատության վերաբերյալ»,–ասաց նա։
Հարցին, թե վարչապետի հետ խորհրդակցության ընթացքում քննարկվե՞լ է հարցը, թե կոնկրետ ովքեր են աշխատանքից հեռացվելու, որ դատավորների մասին է խոսքը` Մակունցը պատասխանեց` ոչ, նման հարց չի քննարկվել։
Նա նշեց, որ այսօրվա բողոքի ակցիան հետևանքն է այն բանի, որ հանրության մեջ օրեցօր ավելանում էր անվստահությունը դատաիրավական համակարգի հանդեպ։ Նրա խոսքով` դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հետևանքով Սահմանադրությունն այսօր չի խախտվել։
Նշենք, որ Փաշինյանն այսօր դատաիրավական կառույցի ներկայացուցիչների և նախարարների հետ հանդիպում է ունեցել կառավարությունում։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները փակել էին հանրապետության բոլոր դատարանի ելքերն ու մուտքերը` հետևելով Փաշինյանի կոչին։ Քիչ առաջ, սակայն, Փաշինյանը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ` հորդորելով բացել դատարանների մուտքերը։