ՀՀԿ-ն կոչ է անում զերծ մնալ Փաշինյանի կողմից հրահրվող գործընթացներին մասնակցելուց

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի կոչի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոչ է անում հայ ժողովրդին զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող, վտանգավոր և արկածախնդիր գործընթացներին մասնակցելուց։ Այս մասին ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

«Կոչ ենք անում կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, հասարակական գործիչներին միանալ պետականակործան այս գործընթացների դատապարտման և կանխման աշխատանքներին։ Իսկ իրավապահ համակարգին կոչ ենք անում ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, միջոցներ ձեռնարկել երկրում սահմանադրականության համար սպառնալիքներ ստեղծող անձանց նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից», - նշված է ՀՀԿ-ի հայտարարության մեջ:

Կուսակցությունը նաև միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին կոչ է անում հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կազմակերպված գրոհին Սահմանադրության եւ դատական համակարգի հանդեպ։

ՀՀԿ-ն, դատապարտելով Փաշինյանի այս գործելակերպը, հայտնում է նաև, որ այն չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին։

Կուսկացությունը համոզված է, որ ՀՀ-ում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը եւ մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ եւ իրավունքներ։