Գրիգոր Ջաբոթյանը խելքահան է անում նորաձևությանը հետևող կանանց, անգամ թագուհիներին

Լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը վաղուց է հայտնի դարձել իր նրբագեղ աշխատանքների շնորհիվ: Այսօր նրա արվեստում թարմ շունչ է նկատվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Լիբանանյան հայտնի դիզայներ Էլի Սաաբի սիրելի աշակերտը, հայկական ծագում ունեցող էլիտար դիզայներ Գրիգոր  Ջաբոթյանը շարունակում է սոցցանցերում իր բաժանորդներին ապշեցնել անկրկնելի գեղեցիկ և նուրբ աշխատանքներով: Նրա զգեստները տարբերվում են իրենց  էքստրավագանտությամբ, որը միախառնվում է արևելյան նրբագեղությանը: Նրա աշխատանքները սիրվել են աշխարհի բազմաթիվ գեղեցկուհիների կողմից, նույնիսկ Հորդանանի թագուհի Ռանիա Ալ Աբդուլան բազմիցս ներկայացել է նրա հեղինակած զգեստներով:

Բոլորովին վերջերս Ջաբոթյանի զգեստով նշանադրվեց ինտերիերի դիզայներ Դանիի Շամսը: Նա լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ նրբագեղ ասեղնագործությամբ ալ կարմիր կաֆտանով (կապա) աղջիկ էր պատկերված: Ակնհայտորեն ոգևորված են նրա աշխատանքով` Ջաբոթյանի բաժանորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Հիասքանչ է», «Աստվա՜ծ իմ: Սա հրաշալի է», «Աստվածային է», «Սիրում եմ այս զգեստը, հատկապես նրա հագին»:

Եթե Շամսը Ջաբոթյանի զգեստը կրել է նշանադրության ժամանակ, ապա աղջիկներից շատերը պարզապես խենթանում են սեփական հարսանիքին նրա հեղինակային աշխատանքը կրելու ցանկությունից:  Դիզայներին հաջողվում է այնպիսի հարսանեկան զգեստներ ստեղծել, որոնցով ցանկացած կին իրեն արքայադուստր կզգա, ինչպես նաև աստվածուհի: Նրա զգեստների գլխավոր տարբերությունը համեստ շքեղությունն է, որն անհնար է չնկատել:

Դիզայների վերջին հավաքածուն շատերին ապշեցրել է գունագեղությամբ: Նա կարողացել է մեկ զգեստում բազմաթիվ վառ գույներ համադրել, գործվածքն այնպես ձևել, որ այն նրբագեղություն և շքեղություն ձեռք բերի: Այս հավաքածուն միանշանակ թարմ շունչ էր նրա գործունեության մեջ: Դիզայների բաժանորդները թեև զարմացած էին, բայց հավանել էին հավաքածուն:

«Հանճարեղ է», «Այդ կրակոցները սպանում են», «Գույների հիանալի համադրություն», «Բոլորին գերազանցեց», – գրել են բաժանորդները:

Գույները՝ գույներ, շքեղությունը՝ շքեղություն, բայց սև փոքր զգեստը ոչ ոք չի չեղարկել:  Ջաբոթյանին հաջողվել է ստեղծել այնպիսի սև զգեստ, որը կգերազանցի Փարիզի լավագույն տների զգեստները և սիրել կտա նորաձևությանը հետևող ամենափորձառու ու հմուտ կնոջը:

Գրիգոր Ջաբոթյանը (Krikor Jabotian) ծնվել է 1986 թվականին Բեյրութում: Նրա նախնիները ծնունդով Սիս քաղաքից են, նրանք բարձրակարգ ոսկերիչներ էին, քաղաքում բոլորը նրանց ճանաչում էին:  Ցեղասպանության ժամանակ, փրկվելով կոտորածից, Ջաբոթյանների ընտանիքը հայտնվեց Լիբանանում: 18 տարեկանում, Գրիգորն ընդունվեց Esmod Beirut հեղինակավոր հաստատություն, որտեղ ուսումնասիրում էր դիզայնի և արվեստի հիմունքները:  Ուսումն ավարտելուց հետո, երիտասարդ և տաղանդավոր  մասնագետին աշխատանքի ընդունեց Էլի Սաաբը (Elie Saab): Մեծն դիզայների արվեստի բաժնում աշխատելով` Գրիգորը ոգեշնչվեց սեփական ապրանքանիշը ստեղծելու գաղափարով: