Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը

Որպեսզի Երևանում աղբահանության խնդիրը լուծվի, անհրաժեշտ է լուծել ևս 3 հազար աղբամանի հարցը։ Հայկ Մարությանն ասել է, որ աղբամանների հարցը կլուծի քաղաքապետարանը, որպեսզի աղբահանության գործընթացը լիարժեք լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևանում աղբահանության ոչ բարվոք վիճակը նաև աղբամանների քանակի հետ է կապված։ Այսօր ՝ մայիսի 20-ին, աշխատանքային խորհրդակցության ժամանակ, այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` տեղեկացնելով, որ Երևանի աղբահանության գործընթացը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման, այնինչ մայրաքաղաքում դրանց թիվը մոտավորապես 5000 է։

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ: Մենք ևս բերելու ենք աղբամաններ, մենք ապահովելու ենք ծառայությունների մատուցման բարձր որակ: Չնայած նրան, որ սա ձեր պարտականությունն է»,- ասել է քաղաքապետը։

Մարությանը խոսել է նաև շինարարական աղբի տեղափոխման հարցին և հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ քրոնիկ վայրերում և շինաղբ տեղափոխող մեքենաներին ուղղորդել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չվերածվեն շինարարական աղբակույտերի: