Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Զոհրաբյան

Պատգամավորը կողմ է, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի և պատրաստակամություն հայտնում իշխանության հետ սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը։ Այս մասին Facebook-Ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 19–ին` դատարանների մուտքերը փակելու կոչին։

Եթե ուզեն Վարչական դատարան մտնել, թույլ կտանք. պատգամավոր

«Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գործողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:

Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը և այսուհետ միշտ, կլինեն օրինական և ադեկվատ»,–գրել է Զոհրաբյանը և հիշեցրել, որ հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու:

Նա կողմ է, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի և պատրաստակամություն հայտնում իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: «Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։

Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը»,–գրել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Այսօր, ժամը 12։00–ին նա կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։