Բողոքի ակցիաները բոլորովին կապ չունեն Քոչարյանի դատական գործընթացի հետ. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի անվստահության արձագանքն է դատաիրավական համակարգի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Այսօր դատարանների առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները բոլորովին կապ չունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և որևէ այլ գործի հետ։ Այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԲՀԿ–ն հորդորում է Փաշինյանին ուղիղ եթերի ընթացքում չեղարկել նախկին կոչը. հայտարարություն

«Ուղղակի այդ գործընթացը համընկել է Քոչարյանի գործի դատավարության հետ։ Խնդիրն այն է, որ հանրությունը վերջին օրերին իր անվստահությունն է հայտնում դատական իշխանության նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի անվստահության խորն արձագանքն է դատաիրավական համակարգի նկատմամբ»,–ասաց նա։

Նրա խոսքով` այսօրվա բողոքի ակցիաներն ուղղված են ոչ թե դատարանի դեմ, այլ արձագանքն են այն հնարավոր միջամտողների դեմ, որոնք մտածում են` դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Վարչապետն այսօր ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։