ԲՀԿ–ն հորդորում է Փաշինյանին ուղիղ եթերի ընթացքում չեղարկել նախկին կոչը. հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հորդորում է, որ Փաշինյանը չխոչընդոտի դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգի երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտի հասարակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից: Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը», կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

«Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»,– նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Վարչապետն այսօր ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։