Բակո Սահակյանը լուր չունի այնպիսի գործիչների մասին, որոնք փորձում են պատերազմ հրահրել

Բակո Սահակյանը կարծում է, որ եթե կան այդպիսի գործիչներ և ուժեր, որոնք ուզում են պատերազմ հրահրել, ապա պարտավոր են բացահայտել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը չունի նման տեղեկություն, որ կան գործիչներ, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի միջև, պատերազմ հրահրել։ Այս մասին Սահակյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ համակարգի որոշ պաշտոնյաներ պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ ունեն։

Փաշինյանը դավադիր մտադրություններ է տեսնում Արցախի հարցում և խոստանում ամենակոշտ միջոցներ

«Եթե կան այդպիսի գործիչներ և ուժեր, պարտավոր ենք բացահայտել նրանց։ Եվ եթե պատերազմ հրահրելու նպատակներ ունեն որոշ մարդիկ, բնականաբար, ես էլ եմ դա դավաճանություն որակում։ Սակայն ես չունեմ տեղեկություններ, որ կան այդպիսի մարդիկ»,–ասաց Սահակյանը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իր և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությանը` Արցախի նախագահը նշեց, որ իրենց քայլը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու, այլ` ընդհակառակը։ Բացի այդ, ըստ նրա, իրենք նաև ասել էին, որ իրենց միջնորդությունը ՀՀ դատական համակարգը կասկածի տակ դնելուն չէ միտված, այլ ընդամենը խափանման միջոցը վերանայելու համար էր։

Հարցին, թե 2008–ի մարտի 1–ին զորք բերվե՞լ է Հայաստան` Սահակյանը պատասխանեց, որ այդ թեմայի մասին բազմիցս հայտարարել են և այժմ ՀՔԾ–ն քննչական գործողություններ է իրականացնում` դա պարզելու։

Հիշեցնենք, որ խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: