«Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություն». Բակո Սահակյան

«Իմ քայլը» խմբակցության հետ նմանատիպ հանդիպում ունենալու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Արցախում, երբ այցով այնտեղ էին գտնվում ՀՀ ԱԺ պատգամավորները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ես այդ լարվածության և այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում»: Այս մասին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Ազգային ժողովում ունեցած դռնփակ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած կարճ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման երևույթներ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցելու դրանք»,- շեշտեց Արցախի նախագահը։

Փաշինյանը դավադիր մտադրություններ է տեսնում Արցախի հարցում և խոստանում ամենակոշտ միջոցներ

Նա ընդգծեց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ նմանատիպ հանդիպում ունենալու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Արցախում, երբ այցով այնտեղ էին գտնվում ՀՀ ԱԺ պատգամավորները:

«Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ պարտավոր ենք խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են որպես առաջնահերթ: Նման կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշելու հաջորդ առաջադրանքները, և գտնում եմ՝ այս ձևաչափն օգտակար է բոլոր առումներով»,- ասաց Բակո Սահակյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախում որոշ պաշտոնյաներ պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ ունեն։

Բակո Սահակյանն, ի պատասխան դրան ասել էր, որ եթե կան այդպիսի գործիչներ և ուժեր, պարտավոր ենք բացահայտել նրանց և եթե պատերազմ հրահրելու նպատակներ ունեն որոշ մարդիկ, բնականաբար, ինքն էլ է դա դավաճանություն որակում։