Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

Ըստ ՀՀ նախագահի՝ ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Արմեն Սարգսյանը:

Անհապաղ պետք է դադարեցնել դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու կոչերը. Արման Թաթոյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

«Այն, որ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին»,ասված է նախագահի հայտարարության մեջ:

Նա հայտնել է նաև, որ չնայած այս պահին աշխատանքային այցով արտերկրում է, սակայն անընդհատ կապի մեջ է համապատասխան պետական մարմինների հետ:

Նախագահը հորդորում է, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:

«Աստված պահապան բոլորիս»,-իր խոսքն ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է նաև, որ վաղվանից սկսվելու է հեղափոխության երկրորդ փուլը։ Մայիսի 20-ին, ժամը 12։00-ին վարչապետն ուղիղ եթերով հանդես կգա ելույթով։