Արցախի նախկին վարչապետը կմասնակցի նախագահի ընտրությանը

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 10 տարի լինելով Արցախի վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում է Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։

Արցախում առաջիկա ընտրությունն ավելի բարձր մակարդակի կլինի, քան նախորդները. Արցախի ՄԻՊ

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի մարզադաշտում մայիսի 18-ին կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը շրջանի հարավային թևում ապրող կուսակցական ակտիվի և համակիրների հետ:

Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:

«Տասը տարի լինելով ԱՀ վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում եմ Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները»,-ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2009թ.–ից մինչև 2018թ.–ը Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի վարչապետը։ 2018թ.–ի սեպտեմբերի 25–ին Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018 թվականի փետրվարի 21-ին նա ազատվել էր այդ պաշտոնից։

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականին։