Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել–չմեկնելուն

Մինասյանի կարծիքով` եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու չպիտի գնա։ Այս մասին նա ասել է թիմի մամուլի քարտուղարության հետ զրույցում։

Մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում ուժերը կչափեն Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»:

Հայկական 6000 դրոշ Բաքվում. տեսարժան կլինի, բայց ինչո՞ւ է լռում ՀՖՖ-ն

 «Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,- նշել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների. նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղի» հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին:

Լոնդոնյան ակումբն օրերս պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ դժգոհություն էր հայտնել ԵԼ-ի եզրափակիչը՝ Ադրբեջանում անցկացնելու փաստի առթիվ: