ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Վաղը առավոտյան 8:30-ից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը: Այս մասին տեղեկացնում է Դավիթ Սանասարյանը: Նա տեղեկացնում է, որ վաղը կփակի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մուտքը։
«Հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։
Սիրում եմ բոլորիդ, մինչ հանդիպում»,- գրառումը եզրափակել է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, այս տարվա փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։
Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։