Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցածը հստակ ուղղորդված գործողություն է ՀՅԴ–ի դեմ. ՀՅԴ Բյուրո

Անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։ Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել եւ փորձում է իր կամքն ու ստոր արժեքները պարտադրել»,–նշված է ՀՅԴ–ի հայտարարության մեջ։

Որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը. ՓՄՁ–ները սպասողական վիճակում են

Ըստ ՀՅԴ–ի` ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսեւորումներ է ստանում։ Բյուրոյի հայտարարության մեջ նշված է, որ ամիսներ շարունակ լրատվամիջոցներով ու հանրային հարթակներում Դաշնակցության առանձին գործիչների ու կուսակցության դեմ իրականացվել է կազմակերպված, ուղղորդված ու հովանավորվող հակաքարոզչություն, սերմանվել է թշնամանք ու ատելություն։  «Մարգարյանին ու Դաշնակցությանն ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը մենք գնահատում ենք որպես հստակ ուղղորդված գործողություն և ստոր քայլ Դաշնակցության համահայկական ողջ ընտանիքի դեմ»,–հայտնում է ՀՅԴ Բյուրոն։

Բյուրոն պահանջում է երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին, օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին տեսնելով`  սկսել են վանկարկել «Դավաճան», հետո փորձել են մոտենալ նրան, քաշքշել:

Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: